Հայաստանում հավատարմագրված 4 դեսպաններ երեկ առաջին անգամ թվիթերյան ասուլիս էին նախաձեռնել: ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆեռնը, Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը, Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասը և ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան մեկ ժամ օնլայն ռեժիմով պատասխանել են Թվիթեր միկրոբլոգային ցանցի օգտատերերի հարցերին:
Բնականաբար, հարցերը հիմնականում վերաբերել են ադրբեջանցիների խոցած հայկական ուղղաթիռին, դրան հաջորդած իրադարձություններին, ղարաբաղյան խնդրի կարգավորմանը, հայ-թուրքական հարաբերություններին:
Այս խնդիրների շուրջ դիվանագետների պատասխաններում, ռեպլիկներում որևէ ուշագրավ նորություն չկա. անցած օրերին մենք լսել ենք այդ տեսակետներն ու քաջածանոթ ենք դրանց:
Ինձ ավելի շատ հետաքրքրեց ասուլիսի այն հատվածը, որում դեսպաններն արձագանքում էին ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, Հայաստան-Արևմուտք հարաբերությունների հեռանկարներին:
Թվիթերյան ասուլիսից ես եկա սկզբունքային մի եզրահանգման: Արևմտյան մայրաքաղաքներում, կարծես թե, հետևություններ են արել իրենց քաղաքականությունից, փորձում են սրբագրել ԵՄ-ի ասոցացման գործընթացում թույլ տրված սխալները: Հայաստանի եվրաասոցացման գործընթացի տարիներին այդպես էլ առարկայական որևէ ռեալ բան չառաջարկվեց Հայաստանին՝ բացի ապագայի վերաբերյալ գրավիչ խոստումներից: Բրյուսելում շատ լավ հասկանում էին, որ Հայաստանն ունի անվտանգության խնդիր, սակայն այդպես էլ չառաջարկեցին ռացիոնալ որևէ բանաձև, որն այլընտրանք կլիներ անվտանգության այն համակարգին, իսկապես անհուսալի համակարգին, որին Հայաստանն այսօր ինտեգրված է: Փոխարենը՝ Ֆյուլեն ու մյուսները «կամ, կամ»-ի իրենց քաղաքականությամբ ակամայից ավելի մեծացրին մեր երկրի նկատմամբ ռուսական ճնշումները, որոնք, ի վերջո, հանգեցրին Սերժ Սարգսյանի 2013-ի սեպտեմբերի 3-ի հայտարարությանը:
Հատկապես ուկրաինական ողբերգությունից հետո Բրյուսելում հասկացել են իրենց քաղաքականության անարդյունավետությունը, սկսել են ըմբռնումով մոտենալ Հայաստանի եվրասիական ընթացքին ու փորձում են ինտեգրման ավելի ճկուն մոդելներ առաջարկել Հայաստանին: Փորձագիտական շրջանակներում չեն բացառում նույնիսկ, որ Բրյուսելն ու Երևանը մի փաստաթուղթ ստորագրեն, որը, իհարկե, կարգավիճակով կզիջի ասոցացման համաձայնագրին, սակայն էապես կնպաստի Հայաստանի արտաքին քաղաքական դիվերսիֆիկացիային:
Երեկ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆեռնն ավելի շատ խոսում էր Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիայի անհրաժեշտության մասին՝ Ռուսաստանի դեմ կիրառվող միջազգային պատժամիջոցների հետևանքներից խուսափելու համատեքստում: «Պատժամիջոցները Հայաստանի դեմ չեն ուղղված: Ռուսաստանը գիտի, թե ինչ պետք է անի, որ դրանք դադարեցվեն: Հասկանալի է, որ Հայաստանի և Ռուսաստանի տնտեսությունները փոխկապակցված են: Սա Արևմուտքի հետ համագործակցությունը շարունակելու ևս մեկ պատճառ է՝ տնտեսությունը դիվերսիֆիկացնելու և նոր հնարավորություններ ստեղծելու համար»,- ասել է դեսպանը:
Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիան կլուծի քաղաքական, տնտեսական խնդիրներ:
Նախ, տնտեսության դիվերսիֆիկացիան նպաստում է ավելի ճկուն արտաքին քաղաքականության իրականացմանը: Երկրորդ, առաջիկա տարիներին ռուսական տնտեսությանը սպառնում է ստագնացիա, կրճատվելու են նաև Հայաստան եկող տրանսֆերտները, մեզանում մեծանալու է սոցիալական լարվածությունը, ըստ այդմ՝ անհրաժեշտ են արագ ու արդյունավետ քայլեր՝ ռուսական տնտեսության տոտալ կախվածությունից մեր տնտեսությունը հանելու համար:
Բայց տնտեսության դիվերսիֆիկացիան պահանջում է համակարգային հետևողական բարեփոխումների իրականացում, ինչի պոտենցիալն ու ցանկությունը գործող կառավարությունը չունի:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ